Մարտի 5-ին, 9-ին և 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվեն «Լորկինա» և «Կարմեն-սյուիտ» վերականգնված բալետային ներկայացումները:
«Լորկինա» մեկ գործողությամբ ներկայացումը բեմադրել է ՀՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Մնացականյանը (մարտի 5-ին դիրիժորական վահանակի մոտ կլինի Աթանես Առաքելյանը): Նույն օրը՝ երկրորդ բաժնում, հանդիսատեսին կներկայացվի «Կարմեն-սյուիտ» (հեղ.՝ Ժ. Բիզե-Ռ. Շչեդրին) բալետային ներկայացումը: Բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանն է, դիրիժորական վահանակի մոտ` Հարություն Արզումանյանը:
Կարմենի կերպարը ծնվել է Պրոսպեր Մերիմեի նովելում և երկրորդ կյանք ստացել Ժորժ Բիզեի համանուն օպերայում: Ազատատենչ, կրքոտ գնչուհու պարային կերպարը երազում էր մարմնավորել լեգենդար Մայա Պլիսեցկայան: Այդ խնդրանքով նա դիմում է կուբացի բալետմայստեր Ալբերտո Ալոնսոյին: Պարուհու մտահղացումը համընկնում է բեմադրիչի վաղեմի ցանկությանը: Ռոդիոն Շչեդրինն ընդամենը 20 օրում ստեղծում է Բիզեի «Կարմեն»-ի փոխադրումը: Վերագործիքավորված փոխադրման մեջ կոմպոզիտորն ընդգրկել է միայն իսպանական ժողովրդական գործիքների հնչողությունը հիշեցնող հարվածայիններ և օպերայի ամենավառ երգային էջերը ներկայացնող լարայիններ: Ըստ Ալոնսոյի`«Կարմենի ամբողջ կյանքը կորիդա է»: Այս բնութագրող ասույթից էլ ծագել է Բորիս Մեսերերի նկարչական ձևավորումը:
«Լորկիանա» բալետը ստեղծվել է Գարսիա Լորկայի հանճարեղ պոեզիայի ազդեցությամբ: «Ինձ համար Լորկայի ողջ պոեզիան մի անվախճան կրքոտ պար է, պար մտքի, զգացումի ու երևակայության»,-ասել է «Լորկիանայի» լիբրետոյի հեղինակ և բեմադրիչ Մարկ Մնացականյանը:
Թեև բալետում չկա Գ. Լորկայի այս կամ այն ստեղծագործության, սյուժեի անմիջական անդրադարձը, սակայն բեմադրությունը, նրա կերպարները, գործողության մթնոլորտը ամբողջապես հագեցած են մեծ արվեստագետի պոեզիայի ոգով: